«Նոր Հայաստանի» նոր նրբերանգն անչափ հին պատմություն ունի. Սողոմոն Իմաստունը` Դավթի որդին, իր կյանքի երկրորդ կեսին ենթարկվեց «դիվայնության»՝ սկսեց զբաղվել աստղագուշակությամբ, բախտագուշակությամբ:
Ով էր «նայել» Լևոն Տեր-Պետրոսյանի «բախտը», չգիտենք, այնուհանդերձ, հայոց նորօրյա պատմության մեջ հենց նրանից սկսվեց երկրորդ շրջանի «անկումը»` 2008-ին սկսեց «հակատիեզերական»-հակապետական գույների ու նրբերանգների արտացոլանքներ ունենալ, ինչի «նարցիսյան» ամենացցուն արտահայտությունը դարձավ օրերս յուր հավատարիմ «աշակերտ» Լևոն Զուրաբյանի մաստեր-կլասը: Ասված է` քամի ցանես, հողմ կհնձես:
Ինչի՞ մասին է խոսքը: Լևոն Զուրաբյանի` ՌԴ Պետդումայի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատիվենկոյին ուղղված հորդորի` ասեք Պուտին հայրիկին, որ չթողնի Հայաստանում սահմանադրական փոփոխություններ լինեն (եթե ուղղակի թարգմանենք «աշակերտի» միտքը):
Իսկ ո՞ւմ ռաբունիությամբ են գործում Արցախի հերոս Ժիրայր Սէֆիլյանը և ԱԺ պատգամավորուհի Զառա Փոստանջյանը, նույնքան դժվար է ասել, որքան դժվար է հասկանալ նրանց քայլերի «մոխրագույն նրբերանգները»: Բայց դե փորձենք` «ճանճերն» ու «կոտլետները» դնելով տարբեր ափսեներում: Այո, Ժիրայրը հերոս է եղել Արցախում: Եվ սա անհերքելի ճշմարտություն է, ինչը դադարում է գոյություն ունենալուց, երբ նա վերցնում է ինչ-որ թիմ… Ձգենք դադարը: Թիմն այդ իր արմատներով բացառապես ձգվում է դեպի «Սիվիլիթա՞ս»: Մենք չենք պնդի թեզը, որ Վարդան Օսկանյանը «Սիվիլիթասի» ամենամեծ մասնաճյուղն ունի Թուրքիայում, «հարազատներ» ունի Բրյուսելում, որպես ոսկերիչներ, և սույն «Հիմնադիր-նախախորհրդարանը» այդ շղթայից է ֆինանսավորվում և «ինստրուկցիա» ստանում։ Ո՜չ, չենք պնդում և չենք անդրադառնում դրան:
ՈՒզում ենք հասկանալ` ինչո՞ւ է Սէֆիլյանը, բոլոր դեպքերում, թացը խառնում չորին: Եվ ինչո՞ւ մի դեպքում Ցեղասպանության 100-րդ տարելիցը ինքն ու իր թիմն ուզում են «տոնել» Ղարաբաղում, ընդ որում, «Առանց ռեժիմի» կարգախոսով:
Ապա և` ինչո՞ւ պետք է «Հիմնադիրի» անդամները հասնեն Վրաստան այն նույն օրը, երբ այնտեղ հայ բարերարների, ինչպես նաև վրաց իրական իշխանավորի` Իվանիշվիլու ձեռամբ վերանորոգված եկեղեցին հայոց հոգևոր և աշխարհիկ իշխանության կողմից բացվում-օծվում է։ Հիմնադիրի «հպատակները» գնում կանգնում են եկեղեցու բակում ու գոռում են` «Ո՛չ սահմանադրությանը», «Կորչի՛ Սերժ Սարգսյանը»: Դե` մոտավորապես:
Կներեք, բայց դա աննորմալություն չէ՞, պատահաբար:
Ո՞Ւմ համար են գոռում այնտեղ: Ո՞վ է իրենց հասցեատերը: Ո՞վ պետք է «իրականացնի» իրենց այդ խելահեղ պահանջը:
Այն, որ հայոց «գետնին», հայոց «պառլամենտին աթոռներին» վրա Զարուհի Փոստանջյանը կարող է իրեն ամեն ինչ թույլ տալ, մենք էլ անթաքույց ժպիտով և համակրանքով երբեմն վերաբերվենք այդ «գժուկությանը», մասամբ հասկանալի է:
Սակայն երբ նույն Զարուհին վեր կենում, հասնում է Թբիլիսի, Խոջիվանքի բակում հիշատակներ է խնկարկում ու արագ հասնում հայոց եկեղեցու բակ` գոռգոռալու, չգիտես ինչեր անելու…
Կներեք, այս ամենում, կարծես, անզոր է անգամ պարելու մեծ տիկին Մադլենը` Օլբրայթ, ով համարվում է Զառայի գույների ու նրբերանգների «տիրուհին» և «մայրիկը»:
Անզոր է անգամ մեծն Ֆրոյդը, չնայած նա էլ բոլոր կարգի դիվային-ենթագիտակցական նրբերանգների «տերն» ու «հայրիկն» է:
Այնպես որ, նրանց օգնելը անիրականանալի գործ է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ